Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԱՑ ՉԿԱ` ԳԱԹԱ ԿԵՐԵՔ

ՀԱՑ ՉԿԱ` ԳԱԹԱ ԿԵՐԵՔ
26.10.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում շատ հստակ էր, որ ոմանց արդեն «Տիտանիկի» տոմս են նվիրել, նրանք նույնիսկ նավի վրա են, բայց չեն զգում սառցալեռան մոտենալը:
2010-ին երկրորդ անգամ Հայիթին հայտնվեց համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում` խոլերայի համաճարակի պատճառով: 250 մարդ մահացել է, 3000 վարակակիր կա: Մայրաքաղաք Պորտ օ Պրենսում և հարակից վրանային քաղաքում, ուր ապաստանել են հունվարյան ավերիչ երկրաշարժից անտուն մնացածները, հիվանդության դեպքեր չեն գրանցվել:
Եթե պատրաստվում եք ինչ-որ տեղ մեկնել ինքնաթիռով, ձեզ հետ կոկորդիլոս չվերցնեք. օդում կոկորդիլոսներն ազատության բուռն ձգտում են ունենում, իսկ ուղևորները նրանց չեն հասկանում: Կոնգոյում օգոստոսյան ավիավթարի պատճառ է դարձել կոկորդիլոսը, որին ուղևորներից մեկը գաղտնի տեղափոխում էր վաճառելու համար: Օդանավակայանից 500 մետր հեռավորության վրա կոկորդիլոսը դուրս սողաց սալոնի վերջում նստած ուղևորի պայուսակից, սարսափած ուղևորները նետվեցին առաջ` խախտելով ինքնաթիռի հավասարակշռությունը: Վթարից փրկվեցին մեկ ուղևոր և կոկորդիլոսը, որին տեղնուտեղը փրկարարները սպանեցին:
Չորրորդ նստաշրջանի երկրորդ նիստում Երևանի ավագանին, ի թիվս այլ որոշումների, վճռեց Սիրահարների այգում տեղադրել... Գևորգ Էմինի հուշարձանը: Երևի կարծել են, թե այգու վերակառուցման նոր բացահայտված հովանավորներից է:
Երբ հուլիսին Բունդեսբանկի խորհրդի անդամ Տիլո Սարացինը հրատարակեց իր գիրքը, նրան հրաժարական պարտադրվեց` գաղափարների և բարձր դիրքի անհամապատասխանության մեղադրանքով: Սարացինը հեռացավ բանկից: Պարզվեց, որ նրա գաղափարները կիսում են ոչ միայն մտերիմները, այլև միլիոնավոր գերմանացիներ, ովքեր տագնապում են իրենց երկրի ու զավակների ապագայի համար` իսլամի սպառնալիքի առաջ: Սարացինը գրում էր, որ Գերմանիան այս ընթացքով ուղիղ դեպի ինքնաոչնչացում է գնում: Հոկտեմբերին արդեն կանցլեր Անգելա Մերկելն է հայտարարում, որ, իբրև հայեցակարգ, բազմամշակութայնությունը Գերմանիայում ձախողվել է. «Մենք մի երկիր ենք, որ 1960 թ. օտարերկրացի աշխատողներ ընդունեց: Ֆրանկֆուրտում մինչև 5 տարեկան յուրաքանչյուր երեք երեխայից երկուսը գաղթականի ընտանիքից է: Այժմ նրանք ապրում են մեզ հետ, մենք երկար ժամանակ խաբում էինք ինքներս մեզ, թե նրանք չեն մնա, մի օր բոլորը կհեռանան: Սակայն իրականությունն այլ է: Այս բազմամշակութային մոտեցումը, թե իբր մենք ապրում ենք կողք կողքի և գոհ ենք միմյանցից, ձախողվեց, ամբողջովին ձախողվեց»: 50 տարի էր պետք` համոզվելու, որ Գերմանիան պետք է վերադարձնել գերմանացիներին: Անգելա Մերկելը գերմանաբնակ այլազգիներից որևէ ազգություն չի առանձնացրել, բայց պարզ է, որ նրա խոսքն ուղղված է նախ և առաջ թուրքերին, նրանց երրորդ սերունդն է մեծանում օտար հողում, բայց 4 միլիոն թուրք շարունակում է ապրել մեկուսի, պահանջում է թուրքական դպրոցներ բացել ու իսլամ դասավանդել թուրք աշակերտներին:
Նրանք չեն ուզում ինտեգրվել գերմանական հասարակությանը, չեն ընդունում «հումանիզմի քրիստոնեական արժեքները», ինչպես բնութագրել է գերմանական արժեհամակարգը կանցլեր Մերկելը: Երբ Տիլո Սարացինի գրքի տպագրությունից հետո նախագահ Քրիստիան Վուլֆը փորձեց հերքել նրա տեսակետը` հայտարարելով, թե իսլամը դարձել է գերմանական մշակույթի մաս և այլ կրոնների հետ պետք է դասավանդվի դպրոցներում, անցկացվեց հարցում, գերմանացիների 66 տոկոսը մերժեց նախագահի թեզը:
Անցած շաբաթ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Թուրքիայում էր. ելույթ ունենալով խորհրդարանում` նա կոչ է արել այդ երկրի ղեկավարներին ընդունել անցյալը և հաշտվել հարևան Հայաստանի հետ: Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ ասուլիսում Վուլֆը խրախուսել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը և հորդորել ավելի լուրջ քայլեր անել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: Գերմանիայի նախագահը Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է. «Մենք ակնկալում ենք, որ մահմեդական երկրներում քրիստոնյաները կունենան նույն իրավունքները` հրապարակավ դավանել իրենց կրոնը, կրթել նոր հոգևորականներ և կառուցել նոր եկեղեցիներ»: Վուլֆն անդրադարձել է և գերմանաբնակ թուրքերին. «Որպես նրանց նախագահ` ես պահանջում եմ, որ յուրաքանչյուր էմիգրանտ մեր հասարակությանն ինտեգրվի ակտիվ և բարի մտադրություններով: Ոչ ոք պարտավոր չէ հրաժարվել իր մշակութային ինքնությունից կամ մերժել իր ազգային պատկանելությունը, բայց անհրաժեշտ է ենթարկվել Գերմանիայի օրենքներին ու Սահմանադրությանը, սովորել գերմաներեն և ընդունել մեր ապրելակերպը»:
Թուրքիայի պետական նախարար Զաֆեր Չաղլայանը Տորոնտոյի համալսարանում խոսել է թուրքական սփյուռքի մասին. «Ժամանակն է գիտակցելու, որ Թուրքիան պետք է օգտագործի իր սփյուռքի հնարավորությունները: Մեզ բնակեցրած երկրի քաղաքացիները լինենք, բայց չձուլվենք: Առանց կորցնելու մեր լեզվական և կրոնական դիմագիծը` եկեք լինենք և՛ քաղաքականության մեջ, և՛ առևտրատնտեսության: Այստեղ 100000 հայ կա, իսկ Թուրքիայից վերաբնակեցվածները 50000 են: Եթե հայերը Ֆրանսիայում, Կանադայում կարող են սփյուռք ունենալ, մենք էլ կկարողանանք մեր սփյուռքն ունենալ և օգտագործել»։ Բնականաբար, նախարարը չի հստակեցրել, թե հայկական սփյուռքն ինչպե՞ս է առաջացել, ո՞ւմ մեղքով, ո՞ր թվին և ինչու։
Բրիտանական «Independent»-ը, հղում կատարելով ՆԱՍԱ-ի գիտնականներին, ավետում է, որ Լուսնի վրա արծաթի հանքեր են հայտնաբերվել: Գուցե արևի վրա էլ ոսկո՞ւ հանքեր կան, ասենք` հեղուկ վիճակում: Մնում է հայտնաբերել:
Արկտիկան շարունակում է ջերմանալ, ԱՄՆ-ի օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը հաստատում է սառցաշերտի նվազումը:
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2011-ի բյուջեն. նախատեսվում է եկամուտներն ավելացնել 4,8 տոկոսով` հասցնելով 12 միլիարդ 61 միլիոն մանաթի (15 միլիարդ դոլար), ծախսերը` 3,9 տոկոսով` հասցնելով 12 միլիարդ 748 միլիոն մանաթի: Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 687 միլիոն մանաթ (ՀՆԱ-ի 1,7 տոկոսը): Պաշտպանական ոլորտի ծախսերն աճել են մինչև 89,7 տոկոս` կազմելով 2,5 միլիարդ մանաթ (3 միլիարդ 100 միլիոն դոլար):
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 60-ամյակի առիթով հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ասել է. «Այսօր աշխարհում շատ հիմնախնդիրներ կան, այդ կոնֆլիկտները, նաև ԼՂ հիմնախնդիրը, պետք է լուծվեն երկխոսության, խաղաղ ճանապարհով»: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է իր ներդրումն ունենալու ձգձգվող բանակցություններում, որտեղ միջնորդ է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Economist»-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Իլհամ Ալիևը կշարունակի ղեկավարել նվազագույնը մինչև 2014 թիվը, քանի որ նրա վարչակազմը լիովին վերահսկում է քաղաքական համակարգը, իսկ ընդդիմությունը շատ թույլ է: Սոցիալական անհավասարությունը կարող է զանգվածային բողոքների հանգեցնել, բայց Ալիևը հարկ եղած դեպքում ուժի կդիմի և կշարունակի իշխել: Հանրաքվեով վերացնելով նախագահելու ժամկետները` Իլհամ Հեյդարովիչը տեսականորեն կարող է ցմահ նախագահել: «Economist»-ը կարծում է, որ նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Ենի Ազերբայջանը» կպահպանի մեծամասնությունը և 2013-ի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կապահովի Ալիևի վերընտրությունը:
Ելույթ ունենալով Բաքվում կայացած «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» համաժողովում` արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ Աստանայում շրջանակային համաձայնագիր չի ստորագրվելու, առաջիկայում ՄԽ համանախագահները կժամանեն տարածաշրջան և կներկայացնեն ԼՂ հարակից տարածքներում դաշտային գնահատման առաքելության հաշվետվությունը: Մամեդյարովը սխալ է անվանել ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից. «Դա մեծ սխալ կլինի միջազգային իրավունքի տեսակետից: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կնշանակի, որ Երևանը ճանաչում է նաև Ադրբեջանի տարածքի օկուպացման փաստը»: Ըստ նախարարի` նման քայլին պիտի հաջորդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը:
Հոկտեմբերի 27-ին Աստրախանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի նախագահները: Եռակողմ հանդիպման մասնակիցները կբանակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Հոկտեմբերի 22-23-ին Լիսաբոնում նախատեսված ՆԱՏՕ-ի համաժողովում ԱՄՆ-ը մտադիր է քննարկման դնել Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման հարցը: Անկարան արդեն հայտարարել է, որ դեմ է այդ մտադրությանը, որովհետև Իրանի ու Սիրիայի կողմից սպառնալիքներ չի տեսնում: «Hurriyet Daily News»-ը գրել է, որ ԱՄՆ-ը սպառնում է ճանաչել հայերի ցեղասպանությունը, եթե Թուրքիան չհամաձայնի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանն իր տարածքում: Վաշինգտոնը Անկարայից ակնկալում է նաև հարաբերությունների բարելավում Թել Ավիվի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն ասել է. «Մենք հավատարիմ ենք մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ցանկանում ենք, որ երկու երկրներն էլ վավերացնեն ու իրականացնեն արձանագրությունները: Ափսոսում ենք, որ դա դեռ տեղի չի ունեցել, սակայն արձանագրությունները դեռ գործում են` դրանք ստորագրված են: Մենք սպասում ենք բարենպաստ պահի` վերադառնալու այդ հարցին»:
Ամերիկյան դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը` պատճառաբանելով, որ Արմեն Ղազարյանը («Պզո»), Վարդան Բոյզաջյանը, Հրայր Բաղումյանը կարող են փախուստի դիմել և սպառնալիք են ներկայացնում երկրի տնտեսության համար: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել է Երևան ՀԴԲ-ի ժամանած աշխատակիցների հետ. նրանք որոնում են ԱՄՆ-ում հափշտակված գումարները: Եթե որոնում են, գուցե և գտնեն, բայց մի՞թե 35 միլիոնն այլ տեղ հնարավոր չէր ծախսել: Նյու Յորքի դաշնային դատախազ Պրիտ Բհարարան, իհարկե, այլ կարծիքի է. նա համոզված է, որ հանցախմբի անդամները ներդրումներ են կատարել Հայաստանում` անշարժ գույքի շուկայում: Աղվան Հովսեփյանին ՀԴԲ-ի աշխատակիցները կանհանգստացնեն անհրաժեշտության դեպքում: Գուցե նրանք այդքան նրբանկատ չլինեին, եթե վստահ լինեին, որ արժանահավատ տվյալներ կստանան: Դաշնային դատախազը «միջազգային հանցախումբը» համեմատել է դասական «Կոզա Նոստրայի» հետ` գտնելով, որ հայ-ամերիկյան խմբին իտալացիները միայն նախանձել կարող են: ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների ներկայացուցիչները համերաշխորեն հերքել են հնարավոր կապը հանցախմբի անդամների հետ:
Այս շաբաթ էլ քաղաքական դաշտը շարունակում էր որոնել ԲՀԿ-ի հայտնի «50+1»-ի հետքերը: Թեպետ առանձնապես որոնելու հարկ չկա, եթե գաղտնիք չէ, թե ով է ԲՀԿ-ի կնքահայրը: Հազիվ թե Գագիկ Ծառուկյանն իրեն թույլ տա Ռոբերտ Քոչարյանի հետ այնպես վարվել, ինչպես Վարդան Բոստանջյանի: Ավելի ճիշտ, հազիվ թե Ռոբերտ Քոչարյանը թույլ տա Գագիկ Ծառուկյանին իր հետ այնպես վարվել, ինչպես Վարդան Բոստանջյանի: Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնում է նրա կարգախոսը, ում չի կարող «ոչ» ասել: Գոնե այս պահին:
Վարշավայից, Մոսկվայից, Ստոկհոլմից, Մադրիդից, Կիևից հետո «Հանուն ժողովրդավարության ապագայի» ԵԽ համաժողովն ամբողջ երեք օր զարգացրեց ժողովրդավարությունը Հայաստանում: Առայժմ` տեսականորեն: Ինչպես խոստացել էր` ՀԱԿ-ը հերթական հանրահավաքն արեց ու պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատժել մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին, կատարել ԵԽ բանաձևերը։
ԱԺ նիստերի եվրոպական դահլիճը բացվեց: Դեղնակարմրավուն օվալ: ԱԺ դերը բարձրացավ, բարձրացավ, բարձրացավ... Բացօթյա ֆուրշեթ` Երվանդ Քոչարի քանդակի մերձակայքում, շնորհավորանքներ... Իսկ մինչ այդ ՀՀ նախագահի շատ հակիրճ ու խորհրդանշական խոսքը, որն առաջին հայացքից այնքա՜ն շոյիչ էր։
ՀԱԿ-ը հերթական հայտարարությունն է արել: Այս անգամ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: «Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով` իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե իբր մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է», կարծում են ՀԱԿ-ում, համարելով, որ գործող օրենսգրքով էլ կարելի էր լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնել: Թեպետ Կոնգրեսում համարում են, որ իրենք կամ որևէ քաղաքական ուժ մտնելով քննարկման մեջ` «մասնակից կդառնան վարչախմբի գործած ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն», ՀԱԿ-ը իր 7 առաջարկներն է ուղարկել ԵԽ: Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշումն է` «Արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»: Ո՞վ չգիտեր:
Ֆրանսիայի Սենատը հասկացավ նախագահ Նիկոլա Սարկոզիին` 177 կողմ, 153 դեմ ձայներով: Կառավարությունն առաջարկում էր երկու տարով հետաձգել կենսաթոշակային կյանքը. նվազագույն կենսաթոշակ ֆրանսիացիները կստանան 62 տարեկանը լրանալուց հետո (ոչ թե 60-ը, ինչպես հիմա է), լիակատար կենսաթոշակ` 67-ից հետո (այլ ոչ 65-ից): Կենսաթոշակային փոփոխությանը կողմ է ֆրանսիացիների 69 տոկոսը (ըստ պաշտոնական տվյալների), բայց արհմիությունների կազմակերպած բողոքի ակցիաները չեն դադարում:
Բիրմայի զինվորական իշխանությունները նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ փոխել են երկրի անունը` Մյանմարի Միության Հանրապետություն: Երկրի նոր մայրաքաղաք Նեյպիդոյում բարձրացվել է նոր դրոշը, կփոխվեն նաև զինանշանն ու օրհներգը: 22 տարի առաջ Բիրմայում ռազմական հեղաշրջում եղավ, որից տարիուկես անց խորհրդարանական ընտրություններում հաղթեց ընդդիմությունը, սակայն գեներալները մինչև նոր սահմանադրության ընդունումը հետաձգեցին իշխանությունն ընտրվածներին հանձնելը: 20 տարով:
Երբ Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին ասացին, որ գյուղացիներն ապստամբում են, որովհետև հաց չունեն, նա պատասխանեց` հաց չունեն, թող քաղցրավենիք ուտեն: Ի՞նչ են ուտելու հայերը հացի, պանրի ու կարագի փոխարեն, հայտնի չէ։ Այս ընթացքով նրանց մեծամասնությունն այլևս փող չի ունենալու հաց, պանիր, կարագ գնելու համար: Մարի Անտուանետին էլ ապստամբած ֆրանսիացիները գլխատեցին. գոնե նա մի խորհուրդ կտար:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ